Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

«Արյան դեմ՝ արյուն»-ից մինչև «Հին օրերի երգը»

«Արյան դեմ՝ արյուն»-ից  մինչև «Հին օրերի երգը»
08.05.2015 | 10:40

1941 թվական, հունիսի 22, կիրակի: Վաղ առավոտյան հիտլերյան Գերմանիան, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվում է Խորհրդային Միության վրա։ Սկսվում է Հայրենական մեծ պատերազմը:
Պատերազմի առաջին իսկ օրից հայ կինեմատոգրաֆիստները միութենական կենտրոնական կինոստուդիայի օրինակով ստեղծում են կինոխմբեր, որոնք պետք է մեկնեին ռազմաճակատ` ռազմի դաշտից նկարահանումներ իրականացնելու:
Խմբերը ձևավորվում են հետևյալ կազմերով. առաջին խումբ` կինոռեժիսոր Է. Քարամյան, օպերատորներ` Հ. Սիմոնյան, Ս. Գևորգյան: Երկրորդ խումբ` ռեժիսոր Վ. Հայկազյան, օպերատորներ` Ի. Դիլդարյան, Գ. Սանամյան, Գ. Եղիազարյան: Նրանք մեկնում են Կերչ` ռազմաճակատի առաջին գիծ:
Ռազմաճակատային առաջին գծում գործող կինովավերագրողների խմբի ամենաակտիվ ռեժիսորներից էր Գուրգեն Բալասանյանը: Նրա խմբի օպերատորները հայտնվում են ամենաթեժ կռվի դաշտերում և նկարահանում Սևաստոպոլի պաշտպանության մարտերը, որոնք տևում են 250 օր, և որոնց մասնակցում են ավելի քան չորս հազար հայ զինվորներ, սպաներ, քաղբաժինների կոմիսարներ՝ ստանալով այլ առաջադրանքներ: Հարկավոր էր նկարահանել Ելնյայի ազատագրումը: Այստեղ՝ Ելնյայի անտառագոտում էր տեղակայված «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը: Նկարահանումների ժամանակ Գ. Բալասանյանը նկատում է, որ շարասյան վրա գրված է միայն ռուսերեն՝ «ԺՈՉՌՊ հՈրցվրՍՌռ»: Ինչպե՞ս՝ նեղսրտում է նա, չէ՞ որ շարասյունը կառուցված է սփյուռքահայերի հանգանակած միջոցներով. ինչո՞ւ չգրել նաև հայերեն։ Եվ նա դիմում է Հայաստանի ներկայացուցիչ Արամ Փիրուզյանին ու գեներալ Անդրեյ Գետմանին: Նրանք անմիջապես կարգադրում են գրել նաև հայերեն: Եվ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը հանձնվում է Կարմիր դրոշակակիր ինժեներատանկային 119-րդ զորագնդին: ՈՒ շարասյունը, նետվելով գրոհի, ջախջախում է թշնամու զորամիավորումները, ազատագրում է Ելնյա քաղաքը, որը բացառիկ նշանակություն ուներ հակառակորդի համար: Այնուհետև «Սասունցի Դավիթը» ձեռնարկում է նոր գրոհներ, ոչնչացնում է ավելի քան 400 զրահամեքենա, հրանոթներ, կրակակետեր, ջախջախում թշնամու հետևակային, տանկային զորքերը:
Հիշեցնեմ նաև մի կարևոր փաստ: Հայտնի է, որ Հացավան գյուղի կոլտնտեսության նախագահ Գրիգոր Թևոսյանը իր և գյուղի խնայած միջոցներով կառուցել էր տվել կործանիչ մի ինքնաթիռ, անունը կնքել «Վրիժառու» և նվեր էր ուղարկել Նելսոն Ստեփանյանին: Հեռուստատեսությամբ հաճախ են ցուցադրվում ռազմական բազմաթիվ դրվագներ Նելսոն Ստեփանյանի օդային մարտերից՝ այդ ինքնաթիռով: Բոլոր այդ դրվագները նկարահանել է Գ. Բալասանյանի խմբի օպերատոր Գեորգի Խնկոյանը:
Ինչպես հայտնի է, 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի (հրամանատար՝ գեներալ-մայոր Նվեր Սաֆարյան) պլացդարմը կոչվել է «Հայկական փոքր հող», և դիվիզիայի նպատակն է եղել առաջինը կամ առաջիններից մեկը մտնել Բեռլին:
1945-ի ապրիլի 30-ին, ժամը 14:25 րոպեին խորհրդային զինվորները մեծ ուժերով գրավում են Ռայխստագը, և նրա գմբեթի վրա ծածանվում է հաղթանակի դրոշը: Դա պատերազմի 1409-րդ օրն էր։ Գործի էր անցել ակորդեոնը, մարտիկները երգում-պարում էին: Թնդում է նաև թամանցիների զուռնա-դհոլի խրոխտ մեղեդին: Թամանցիները պարում են հայկական «Քոչարին»: Նրանց են միանում այլ ազգերի մարտիկներ։
Այս ամենը նկարահանում է օպերատոր Գ. Խնկոյանը:
Հայ կինեմատոգրաֆիստները պատերազմի թեմայով նաև գեղարվեստական ֆիլմեր են նկարահանել:
Առաջին ֆիլմն ստեղծվել է հենց 1941 թվականին:
Փոքրիկ կինոնկար է սա՝ ընդամենը 17 րոպե՝ «Արյան դեմ՝ արյուն»։ Դարբիններ՝ պապ ու թոռ, նորոգում են տանկը և ճանապարհում ռազմաճակատ:
Այնուհետև Ամասի Մարտիրոսյանը (իր «Գիքորը» ֆիլմով արդեն մեծ ճանաչման արժանացած ռեժիսորը) նկարահանում է «Հրդեհ անտառում» կարճամետրաժ կինոնկարը, որտեղ պիոներները գերի են վերցնում ֆաշիստական օդաչուին:
1941-44 թվականներին նկարահանվում են դարձյալ կարճամետրաժ ֆիլմեր («Հայրենասերների ընտանիքը», ռեժիսոր՝ Էրազմ Քարամյան, «Սովետական լեզվի դասը»՝ ռեժիսոր Արտաշես Հայ-Արտյան, «Դուստրը», ռեժիսոր՝ Համո Բեկնազարյան, «Գվարդիականի կինը», ռեժիսոր՝ Պատվական Բարխուդարյան, «Մի անգամ գիշերով» լիամետրաժը, ռեժիսոր՝ Բորիս Բարնետ): Բոլոր կինոնկարներում, բացառությամբ վերջինի, առկա է հայ մարդկանց անմիջական մասնակցությունը պատերազմական իրադարձություններին:
Իսկ ինչո՞ւ որպես բացառություն նշեցինք վերջին ֆիլմը:
Բանն այն է, որ սցենարի հեղինակ Ֆ. Կնորեն իր սցենարական հայտը ներկայացրել էր «Մոսֆիլմին», սակայն Պետկինոն, հաշվի առնելով ստուդիայի ծանրաբեռնվածությունը, որոշում է ֆիլմը նկարահանել Երևանի կինոստուդիայի բազայի վրա: Նկարահանող խումբը 1944 թվականին ռեժիսոր Բորիս Բարնետի գլխավորությամբ գալիս է Երևան և սկսում նկարահանումները: Հայ կինեմատոգրաֆիստներից ընդգրկվում են օպերատոր Սարգիս Գևորգյանը, նկարիչներ Սարգիս Արուտչյանը և Սուրեն Սաֆարյանը:
1958 թվականին իր մի քանի ֆիլմերով արդեն հայտնի կինոռեժիսոր Յուրի Երզնկյանը ավարտում է «Իմ ընկերոջ մասին» լիամետրաժ կինոնկարը, որը դառնում է «Հայֆիլմի» լուրջ հաջողություններից մեկը: ՈՒսումը շարունակելու նպատակով երեք ընկերներ մեկնում են Լենինգրադ: Ավարտելով գեղարվեստի ակադեմիան՝ երեքն էլ մնում են նույն քաղաքում, քանի որ սկսվում է պատերազմը: Նրանք՝ Ռուբենը, Արամը և Գոհարը, անցնում են ծանր փորձությունների միջով՝ թե՛ սիրային հողի վրա, թե՛ ռազմաճակատային իրադրություններում։ Ֆիլմում հաջողությամբ հանդես են եկել Խորեն Աբրահամյանը, Յուրի Պանիչը, Լիլիթ Հովհաննիսյանը, իսկ ռուս աղջկա՝ Կատյայի դերում նկարահանվել է ճանաչված դերասանուհի Տատյանա Պիլեցկայան:
Այս ֆիլմում հեղինակները պատերազմի օգնությամբ լուծել են մեկ այլ կարևոր խնդիր՝ բարոյադաստիարակչական թեմայի արտացոլմամբ:
Անցած դարի 60-ականներին հայ մշակույթի գրեթե բոլոր բնագավառներում նկատվում էին լուրջ հաջողություններ: Նման հաջողություններից էր նաև կինոռեժիսոր Լաերտ Վաղարշյանի «Կոչված են ապրելու» ֆիլմը: Սցենարը գրել են ճանաչված կինեմատոգրաֆիստներ Առնոլդ Աղաբաբովը, Սաբիր Ռիզաևը և Լաերտ Վաղարշյանը:
…1915-ի Հայոց մեծ եղեռնից փրկված Արամյանների ընտանիքի երկու եղբայրներ՝ Գուրգենը և Վազգենը, հայտնվում են տարբեր կիսագնդերում. Գուրգենը՝ օվկիանոսի այն կողմում, Վազգենը՝ Արևելյան Հայաստանում:
Հայրենական պատերազմի տարիներին Վազգեն Արամյանը և նրա կինը զոհվում են ՈՒկրաինայում՝ մարտերից մեկի ժամանակ: Որբանում են նրանց երկու երեխաները: Արտասահմանից որպես տուրիստ Խորհրդային Միություն է գալիս Գուրգեն Արամյանը և մեկնում է ՈՒկրաինա՝ որոնելու եղբոր երեխաներին։ Պարզ թվացող սյուժետային այս գիծը ձգվում է ֆիլմի չորս նովելներից բաղկացած հյուսվածքում: Այս ֆիլմը նույնպես, դարձյալ պատերազմի ֆոնի վրա, շեշտադրում է դժբախտության մեջ ընկած մարդկանց օգնության ձեռք մեկնելու, փրկելու, հումանիզմը մարդկային հարաբերություններում ապրելակերպ դարձնելու կարևոր խնդիրները:
60-ական թվականների հաջողություններից պետք է համարել նաև 1966 թվականին «Երևան» հեռուստատեսային ֆիլմերի ստուդիայում ստեղծված «Վերջին նետումը» ¥ռեժիսոր՝ Վիլեն Զաքարյան¤, բասկետբոլիստի դերում փայլում է դերասան Լևոն Թուխիկյանը:
60-ական թվականներին «Հայֆիլմում» արտադրված կինոնկարներից են նաև «Եռանկյունին» և «Կամուրջներ մոռացության վրայով»-ը: Երկու ֆիլմերի հերոսների ճակատագրերում էլ առկա է պատերազմի կարմիր հետքը:
Իրենց հերոսի ճակատագրում նման հետքեր ունի կինոռեժիսոր Գրիգորի Մելիք-Ավագյանի «Անցյալի արձագանքները» ֆիլմը, որը էկրան բարձրացավ 1970 թվականին: Արձակագիր Ռուբեն Հովսեփյանի և ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի «Հնձան» կինոնկարում դերասանական վարպետությամբ փայլեցին Սոս Սարգսյանը, Գալյա Նովենցը, Գուրգեն Ջանիբեկյանը, Ազատ Շերենցը:
1977-ին էկրան բարձրացավ և այսօր էլ հեռուստատեսությամբ հաճախ ցուցադրվում է կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցի «Զինվորն ու փիղը» «տարօրինակ» ֆիլմը: Ինչո՞ւ տարօրինակ։ Որովհետև պատերազմի վերջին օրը տարօրինակ հրաման է տրվում` պետք է Գերմանիայից փիղ տանել Երևանի կենդանաբանական այգու համար: Այդ առաքելությունը հանձնարարվում է զինվոր Արմենակին, և Մհեր Մկրտչյան-Արմենակը, այդ անկոտրում զինվորը, կատարում է հրամանը։ Այո, կեցցե՛ կյանքը, որը շարունակվելու է պատերազմից հետո էլ։
Պատերազմի թեման առկա է նաև կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Լուսանկար» ¥1970¤ և «Հուշարձան» ¥1972¤ կարճամետրաժ ֆիլմերում: Անշուշտ, ռեժիսորի համար սրանք փոքրիկ ցատկեր էին հետագա մեծ թռիչքի համար. թռիչք, որը տեղի ունեցավ շուրջ տասը տարի անց՝ «Հին օրերի երգը» ֆիլմով:
…Պատերազմի խոր թիկունքում, արվեստասեր մի գողտրիկ քաղաքում իրենց համար թատրոն են խաղում, երբ բեմից դահլիճին է դիմում թատրոնի դերասանը. «Ժողովո՜ւրդ ¥իսկ ժողովուրդը Քաջ Նազարի և ՈՒստիանի խաղին հետևելով հռհռում է¤, ժողովո՜ւրդ, պատերազմ է, պատերա՜զմ»… Եվ քարանում է հուժկու ծիծաղը։ Այնուհետև, առանց հեռավոր կրակոցների ձայները լսելու բոլորի ականջներում պայթում են արկեր, թնդում են թնդանոթներ, և գողտրիկ քաղաքի ¥ուրախ քաղաքի¤ փողոցներում կամաց-կամաց հայտնվում են ցավը սրտներում, տառապյալ դեմքեր։ Փոստատար Նիկոլը, Հայաստան մայրիկը, ում չորս զավակները մեկնել են ռազմաճակատ... Թատրոնի դերասաններից մեկը` Սերոբը, դեռ պատերազմը չավարտված, վերադարձել է հաշմանդամ` թե՛ հոգով, թե՛ ֆիզիկապես։ Եվ դաժան թղթեր են հայտնվում փոստատար Նիկոլի պայուսակում… Նա այդ դաժան «սև» թղթերից երեքն արդեն տվել է Հայաստան մայրիկին: «Դու կրնա՞ս այս թուղթը տալ Հայաստանին»,- տառապած հոգով Նիկոլը դիմում է Սերոբին. դա չորրորդ «սև գիրն» էր… Էլ ինչպե՜ս չխելագարվի Նիկոլը, ով պատերազմի արհավիրքը տեսնում է գլխատված ոչխարի աչքերի մեջ։
Ալբերտ Մկրտչյանի այս աշխատանքով «Հայֆիլմը» իր արածի ու չարածի մասով սրբագրական մի հսկա աշխատանք կատարեց, այդ կարևորագույն թեման հիրավի օծեց ու պանծացրեց և դրեց խորհրդային կինոյի լավագույն նվաճումների` «Բալլադ զինվորի մասին», «Զինվորի ճակատագիրը» և «Զինվորի հայրը» փառապանծ ֆիլմերի կողքին:


Սերգեյ ԳԱԼՍՏՅԱՆ

Դիտվել է՝ 1722

Մեկնաբանություններ